ԿԱՐՄԻՐ

Արթուր Տիրացույան

«Կարմիր» գեղարվեստական արձակ: Ժանրը` էրոտիկ հոգեբանական թրիլլեր (21+):Պատմությունն ունի մի քանի իրականություն, որոնք միմյանց կապված են մեկ ժապավենով:Գործողությունը սկսվում է սենյակում, որտեղ մարմնավաճառ տղան իր ծառայությունները պետք է մատուցի այն կնոջը, ով ջրի փոխարեն տղային հյուրասիրում է հալուցինոգեն հեղուկ: Գործողությունների հետագա զարգացումը հյուսված է ինքնաճանաչումը, տաբուները, բարքերն ու մարդկային տարբերակումները հասկանալու ու ընկալելու, բացահայտել փորձելու շուրջ:

Оглавление

Բ
Դ

Գ

Խաթարված հանգստի համար մեղավոր ես դու, որ թույլ ես տվել այլք ներխուժեն քո իսկ նեղ անձնական տարածք: Պետք չէ ոչ մեկին մեղադրել, առհասարակ, ամեն ինչ կատարվում է միայն քո ցանկությամբ. եթե ինչ-որ բան չցանկանաս` չի լինի: Քո մասին մտածելով` քայլում էի ուղղահայաց փողոցներով: Կամաց հասնում էի մտքերիս խճճված կուլմինացիային, երբ տեսա քեզ: Գլխարկս վար իջեցրի այնքան, որ թվա, թե չեմ նկատում ու մեղավորը գլխարկն է, ականջակալներիս երաժշտությունն ավելի բարձրացրեցի, որ եթե անգամ գուշակես` ես եմ ու շոշափես անունս` քայլերս արագեցնեմ ու չլսելու ողջ մեղքը գցեմ երաժշտության վրա: Ինչի՞ս էր պետք այս սցենարի մշակումը. միթ՞ե չէի ցանկանում, գոնե մեկ անգամ, հայացքդ վայելել կամ ձայնդ ըմբոշխնել: Հակասական ենք մենք` ցանկանում ենք, բայց չենք իրագործում այդ ցանկալին: Ողջ գեղարվեստական համարը ստացվեց սցենարիս համապատասխան` ինչպես ծրագրել էի (շատ քիչ է պատահում, երբ տապալվում է նախապես ծրագրավորած սցենարս): Հիմա մտածում եմ. ետ դառնալ` ամուր գրկել քեզ, զգալ շունչդ, հպվել անհատական էներգիայիդ ալիքներին, թե՞, ինձ ավանակի տեղ դրած, շարունակել քայլել: Գիտեմ` ճանաչել ես, անգամ գիտեմ, որ շոշափել ես անունս: Գիտակցությունն իմ հաղթեց բնազդին` շարունակեցի քայլել: Քայլում էի բարկացած, բայց հպարտ` գիտակցելով իրողության անթերիությունը: Այս ամբողջի հետ միաձուլվում էր նաև, թմբկաթաղանթներիս զարկվող, Լուդովիկո Էինաուդիի «Թռիչք» երաժշտությունը` շատ հաճելի համադրություն էր: Նկատում էի, փողոցի մայթերում վառվող, լույսերը: Ամեն լույսի տակ մեկ-երկու րոպե անգիտակից կանգնելով` վայելում էի նրա` դեպ ներքև ազատ ճառագայթումը, նկատում վերևից փակ լինելու իրողությունն ու սարսափում: — Ինչի՞… — Ինչպե՞ս թե ինչի, — բնազդաբար պատասխանեցի` չիմանալով, թե ում, — պարզ չէ՞. մետաղյա շրջանակը փակել է լույսի սկզբնաղբյուրի գլուխն ու այն ստիպված միայն ներքև է ուղղում ճառագայթները: Մի՞թե չես տեսնում` ցանկանում է ազատ տարածվել` ողջ շրջանակով, չի ցանկանում, որ ինչ-որ բութ ու կոպիտ մետաղ (այն հղկված ու գեղեցիկ նախշերով պատված էր) խանգարի իր լուսային ալիքների տարածմանը: — Զարմանում եմ` ինչի՞ ես նկատում այդ չնչին երևույթներն ու խորանում դրանց մեջ, մի՞թե ավելի լավ չէ ուղղակի քայլել` լսելով սիրելի երաժշտությունը: — Մինչ քեզ բացատրեմ` ինչի, օրս, պահս ու նկատելու կարողությունս կկորցնեմ ու նորից կսկսեմ անհիմն վատնել ժամանակը: Ինչի՞ ես խանգարում ինձ. թող տեսնեմ գեղեցիկը, զննեմ այն, հասկանամ անլիարժեքության պատճառը` խոչնդոտող ու խանգարող ինչերը: Գնա՛, պետք չէ խանգարել: Երբ հայացքս հեռացրի լույսից ու շրջվեցի ` ոչ ոք չկար: Մի՞թե այսքան ժամանակ ինքս ինձ հետ էի խոսում: Ճիշտն ասած անհանգստացա` միստիկայի ժանրից էր թվում կատարվածը: — Պետք չէ անհանգստանալ, — նորից լսվեց այն շատ ծանոթ ձայնը, — ոմանք երազում են իրենց կողքին ունենալ մեկին, ով կապրեցնի, սակայն բոլորն են երազում, որ այդ մեկը լինի հենց իրենց մեջ: Հիմա բախտդ բերե՞լ է, թե՞, ուղղակի, օր օրի հոգեբուժարանի ապրանք ես դառնում… — Ի՞նչ, իսկ ո՞վ ես դու, որտե՞ղ ես հիմա… Փշաքաղված էի. մազարմատներիս ` մաշկին մոտ հատվածները, հրաբխի պես ժայթքեցին ու որպես հետևանք մի քանի վայրկյանով բլրակների նման բարձրացան: Շնչում եմ` մոռանալով, որ շնչել եմ, հիշելուն պես` արտաշնչում եմ: Այնտեղ, որտեղ ես էի ձայն չկար, ասեմ ավելին` ոչ մի ֆիզիոլոգիական էակ չկար: Արդեն սկսում էի մտածել, թե ուղղակի թվացել է. երևի շատ էի տարվել մանրուքներով ու ձայներ էի լսում: Խորը շունչ քաշեցի` փորձելով շեղվել լույսից ու շարունակել քայլել: Մի քանի քայլ ու հայտնվեցիր… Նայում էի քեզ` միանգամից մի քանի բան մտածելով. ա. ձայնը նման չէ ձայնիդ

բ. ինչի՞դ էր պետք թաքնվելը

գ. ինչպե՞ս կարողացար թաքնվել ու նորից այդքան արագ հայտնվել…

Մինչ փորձում էի հարցերս դասավորել ու մոտեցնել թիրախին` ահաբեկող ձայնով հարցրեցիր. — Է հա ինչի՞ այդպես վարվեցիր… — Ինչպե՞ս վարվեցի, — ինձ հիմարի տեղ դնելով ու հարցին պատասխան փնտրելու համար մի քանի ավել րոպե շահելով` պատասխանեցի, — ի՞նչ եմ արել որ: — Լսի'ր, հասկանում եմ` նրա հետ էի, հասկանում եմ նաև, որ երկար չենք տեսնվել, որ մտածել ես, թե չեմ ճանաչի ու ետևիցդ չեմ գա, բայց միթե՞ չարժեր գոնե կեղծ ժպտալ ու բարևել, միթե՞ այդքան ցավեցրել եմ քեզ… — Ի՞նչ ես բերանդ բաց կանգնել, արագ սթափվի'ր, — դու դեռ շարունակում էիր ինքդ քեզ արդարացնել ու մեկը մյուսից բխող հարցեր տալ` առանց պատասխաններին սպասելու, երբ նորից լսեցի այն ձայնը, որը քոնին նման չէր, բայց կասկածելի շատ հարազատ էր, — սթափվի՛ր, գրկի՛ր նրան ու թեկուզ կեղծ, բայց ժպիտով ցույց տուր, որ շատ ուրախ ես նրան տեսնել: Մի ստիպիր ինձ մտածել, որ, իսկապես, հոգեբուժարանի ապրանք ես… դե՛, քեզ տեսնեմ… — Ինչպե՞ս թե կեղծ ժպտամ, ձևական գրկեմ կամ սրիկայաբար խոսակցությունն այլ ուղղությամբ տանեմ… Այդպես էլ չասացիր` ո՞վ ես, ինչի՞ եմ քեզ լսում, բայց չեմ տեսնում: Անհետացա՞ր, չփորձվե՛ս նորից հայտնվել, — բարձրաձայն ասացի ես: Իսկ դու խոսքս սկսվելուն պես` պապանձվեցիր, մոռացար հարցերիդ շարանի մասին` երևի մտածելով, թե խելագարվել եմ: Բավականին լռեցինք: Ես սարսափած էի, որ ձայն էի լսում, իսկ դու, որ, անտեսելով հարցերդ, խոսքդ, այլ իրականության մեջ թվացյալ անիմաստ պատասխաններ էի տալիս: — Ո՞ւմ հետ ես խոսում… Ես այստեղ եմ, կա՛մ, վերջապես տեսել եմ քեզ, ի՞նչ է պատահել, այդ ո՞ւմ էիր պատասխանում, — խոսքերիցդ խղճահարության բույր արտաբերելով ` շարունակեցիր, — ինչի՞ ես լռում… Կներես, ես եմ մեղավոր… Շա՞տ ես տանջվել, մե՞ծ էր ցավը, չդիմացա՞ր… Կներես…

Արցունքներիդ չսպասելով, շարժիչս ակտիվացնելով` սթափվեցի ու սկսեցի վազել: Փախչում էի ` ժամանակ առ ժամանակ ետ նայելով… Տեսնում էի դեմքդ, արցունքներդ, բայց չէի ցանկանում ընկալել, տեսնում էի անշարժ դիրքդ, բայց չէի ցանկանում հավատալ, որ չես վազելու ետևիցս: — Բա որ ասում եմ խելագար ես` չես հավատում, ինչի՞ ինձ չլսեցիր, ինչի՞ հակառակվեցիր, — նորից լսվեց, հեգնող ծիծաղով համեմված, հարազատ ձայնը, — համակերպվիր ինձ. եղել եմ` չես իմացել, կամ` արդեն գիտես ու կլինեմ` պետք է հարմարվես: Իսկապես, չէի ցանկանում հավատալ ու գիտակցել, որ լսում եմ նրան, որ ինչ-որ անգոյ խոսում է հետս: Արհամարհեցի` շարունակելով վազքս: — Փորձում ես արհամարհե՞լ` խորհուրդ չեմ տա, ճիշտ կլինի հարմարվես ու փորձես գտնել գաղտնիքս` բացահայտել ինձ: Ինչի՞ ես տանջում քեզ ու բնազդաբար վազում, միթե՞ դու չէիր մեղավոր նման զարգացման համար, չէ՞ որ խելքին մոտ բան էի առաջարկել, իսկ դու վախեցար, անջատելով ուղեղդ, հակառակվեցիր, չէ՞ որ…

Ընդհատելով նրա խոսքը` բարձր գոռացի: Բախտս բերեց արդեն այգում էի, որտեղ այդ ժամերին սովորաբար ոչ ոք չէր լինում, հետևաբար, ձայնիս վախեցնող ու լիաթոք ալիքից ահաբեկվող չէր լինի: Շնչում էի արագ, անգամ մոռացել էի ծխախոտի մասին` օդից էի նիկոտին ստանում` թոքերս ագահաբար բթելով թթվածնով: — Հը՞ն, հանգստացա՞ր, հիմա կարո՞ղ ենք հանգիստ խոսել… — Դու իսկապե՞ս կաս, ես խելագարվա՞ծ չեմ, չէ՞: — Ո՛չ, խելագար չես, բայց սկսում եմ մի քիչ կասկածել, — կիսածիծաղով պատասխանեց նա: Ես էլ սկսեցի ծիծաղել: Երկուսով քահ-քահ ծիծաղում էինք, իսկ թե ինչի՞` միայն նա գիտեր: Գուցե խելագար թվամ նաև ձեզ, բայց շարունակում էի խոսել նրա հետ, անգամ մոռացել էի միջադեպի մասին, չէի գիտակցում, թե այն ֆիզիկապես գոյություն ունեցողը ի՞նչ էր զգում, ինչպե՞ս էր, արդյո՞ք հետևել էր ինձ: Ճիշտն ասած չէի գիտակցում ոչինչ, ժամանակ էլ չկար պահից դուրս այլ բաների մասին մտածելու: Արդեն կեսգիշեր էր, երբ խոսելով ճամփա ընկանք դեպ այն տունը, որտեղ ժամանակ առ ժամանակ սեռական ցանկություններս էի բավարարում: Հարմարվել էի` ինձ խելագար չէի համարում, սկսել էի զգալ նրա անգոյ գոյությունը: Քայլում էինք խոսելով, վիճելով ու պահն եկած ժամանակ ծիծաղելով: Քայլում էինք դեպ տուն` քավարան, բնազդարան, չգիտակցված կրքերի բավարարան: Աչքերս բացելուն պես` թվաց, թե ոչինչ էլ չի թվում: Դու սպառված ոլորվել էիր սավանիս` մուգ սպիտակ, ձգվածքին ու ագահաբար կլանում էիր, հենց նույն սավանից անջատված, փոշեհատիկները: Նրանց թվում էր` արդեն ազատվել են գործվածքի ճաղերից ու կարող են ազատ սավառնել օդում: Զգում էի մոլեկուլներիդ բաբախը` միախառնված հանգստության, պատրանքի, սթրեսի, բավարարվածության, վախի, երջանկության ու նմանատիպ անիմաստ ու անպետք շատ երևույթների նոտաների հետ: Հարցրեք ինձ` ինչպե՞ս թե անիմաստ, մարդկանց կյանքն առանց դրանց կյանք չէ, առանց դրանք զգալու` մարդն անիմաստ է ապրում` գոյատևում է, իսկ ես հստակ կպատասխանեմ հարցին` դուք ճիշտ կլինեք այն դեպքում, երբ մարդիկ սկսեն վայելել այդ երևույթները` բացեիբաց արտահայտելով դրանք, հակառակ դեպքում` անիմաստ է դառնում անգամ իմաստավորը: Ձեռքս մոտենում էր մարմնիդ բաբախին` ցանկանալով վերացնել անիմաստը, որը միայն խանգարում էր պատրանքի իրականացմանը: Արդեն զգում եմ տաք մարմինդ` հազարավոր նյութերով` քրտինքով շաղախված, զգում եմ բույրդ` օծանելիքի, իմ, քո, օդի, փոշու, սենյակի, բակի, աշխարհի, տիեզերքի ու անգամ անհայտ, բայց ինձ համար հայտնի անսահմանության յուրահատուկ խառնուրդը: Երբ փորձեցի անցնել հստակ գործողությունների, հասկացա, որ չկար անգամ այն, ինչն ինձ թվում էր, որ չի թվում…

Հիմա արթուն եմ. դու ուղղակի փռված ես կողքս, շնչում ես ինչպես միշտ հասարակ` ներշնչել, արտաշնչել: Զգում եմ սրտիդ զարկերը` հավասար ու հավասարազոր: Չկա ոչ մի արտառոց բան: Սա է կյանքն` ավտոմատ գործողությունների շարան, միթե՞ անիմաստ ու գունազուրկ չէ այն, ինչն արդեն վաղուց ծրագրված ու պարտադրված է` պետք է շեղվել շարանից ու արկածներ փնտրել… Ձեռքս վրադ է` սահում է քրտնած մարմնիդ վրայով: Քո բույրն արդեն խեղդում է: Ուզում եմ բացել պատուհանը, որ թոքերս մի կում թարմ օդ ներարկեմ ու գոռամ, գոռամ, որ թվացյալը չթվա: Մոտենում եմ պատուհանին ու բացում…

Վե'րջ, հիմա, հաստա'տ, արթուն եմ. սենյակում մենակ եմ: Օդը շատ ծանր է` արբած ծխախոտի, ալկոհոլի ու արտաշնչած ածխածնի բույրերով: Դու չկաս` մենակ եմ… Չկա մարմինդ, բույրդ, շունչդ: Պապանձվել եմ, պապանձվել ինչպես, ներհրման ժամանակ պատահաբար սեղմված, հեշտոցը. երբ ցանկանում ես հաճույք ստանալ, հասնել հեշտանքի, բայց գիտակցում ես անելանելի դրությունը, չես հասկանում` լարվածությունի՞ց է, թե՞ ուղղակի ֆիզիոլոգիական անհասկանալի իրավիճակ է…

Արդեն տասը րոպե անիմաստ նայում եմ պատուհանից: Կոնկրետ օբյեկտ չէր նշմարվում, որին ֆիքսված կարող էի լինել`

նայում էի նայելու համար: Եվս մի քանի րոպե ու աչքերիս առաջ եկավ այն օրը, երբ. Հնչեց մեղեդին` թեթևասահ ու կլանող, նրա ամեն տակտից քո մկանների մանրաթելերը ձգվում ու թուլանում էին, թվում էր ` հենց մարմինդ էր այդ մեղեդին հյուսում: Ձեռքդ` իրեն հատուկ թեթևությամբ, սկսեց բարձրանալ` մատներիդ ստիպելով ներքաշվել խաղի մեջ: Թվում էր` օդը շատ ծանր է ձեռքիդ համար, բայց, հակառակ դրան, այն բարձրանում էր` պատռելով օդի աներևույթ շերտերը: Սենյակի փոշեհատիկները արյան փոխանակ գլորվում էին ձեռքովդ ու միաձուլվում անուշաբույր ու վառվող քրտինքին: Այդ քրտնափոշեխառը հեղուկը կաթիլ առ կաթիլ, հավասարաշարք գլորվում էր ու սպասում ձեռքիդ` հարմար դիրք ընդունելուն, որ կարողանա ազատվել քո ջերմության ալիքներից ու օդի ամեն պատռվածքով վար կաթա: Հայացքս շեղվեց ձեռքիցդ, երբ այն հպվեց գլխիդ ամենացածր կետին` ծնոտին, ու կանգ առավ, ասես հուշում էր, որ չտարվեմ օդին տանջելու պրոցեսով: Մի քանի վայրկյան ու այն սկսեց

պտուտակի նման պտտվել նույն տեղում` ֆիքսված հետագծով: Օդն ավելի էր շիկանում: Կամաց գժվում էի այդ տեսարանից, երբ շրջանցեցի ողջ մարմինդ ու հայացքս սևեռեցի ոտքիդ: Հենց այդ պահին այն սկսեց կամաց հեռանալ մյուսից, թվաց, թե հայացքս «սկիզբ» ազդանշանն էր խորհրդանշում: Հեռանում էր ու սրբում գետնին թափված քրտնափոշեխառը հեղուկը: Անգիտակից, բայց գիտակցաբար հետևում էի սահուն հեռացմանը: Արդեն շատ հեռու էր` ամբողջությամբ բացված, երբ ոտնաթաթերիս ստորին հատվածում ջերմություն զգացի: Այնքան ծանոթ էր թվում ջերմությունն այդ, որքան հայելում սեփական անդրադարձը: Այս անգամ ավելի այրող էր ու ցանկությամբ լի: Հայացքս սահեցրի ոտնաթաթիդ ծայրից դեպ վերև` ոտքիդ երկայնքով: Երբ նկատեցի, հատակին ամուր սեղմված հեշտոցդ, կոպերս սկսեցին չգործել: Այն, ծածկված ներքնազգեստի ամուր սեղմանքով, այնքան ուժեղ ու կրքոտ էր համբուրում հատակը, որ ջերմությունդ զգում էին ոտնաթաթերս` թեև հեռու էին քեզանից: Ինչ-որ նոր, բայց ծանոթ էներգիա փորձում էր պատռել բիբերս ու սրտխփոցի նման արագ, ուժեղ բաբախով սլանալ դեպ քեզ` զգալ քեզ: Երկու բլրաձև երևույթ իրար էին միանում խորը գոգավորությամբ: Գոգավորությունն այդ առաջացել էր այն փոքրիկ մեղավորի շուրջը, որն անմեղ տեղավորվել էր բլրակների վերին արանքում: Թվում էր հենց այդ անմեղ մեղավորն էր ստիպում ողջ մարմնիդ վառվել տենչանքից ու ձգտել բավարարման: Հպման կետում թեթև դողոցքներ էին նկատվում` լավայի ժայթքման ժամանակը մոտենում էր: Արդեն մոռացել էի ձեռքիդ մասին, երբ այն նորից հայտվեց դիտակետում: Ոտքերդ մոտեցան` սեղմելով ձեռքդ վերին արանքում, հետո այն կամաց սկսեց ազատել բլրակները ներքնազգեստի սեղմանքից ու սահեց դեպ ոտնաթաթեր` իր հետ տանելով կտորե կապանքը: Երբ կապանքն այդ, ամբողջությամբ հանելով, դողոցքով նետեցիր լուսարձակի վրա ու մոտեցար ինձ, բիբերիս բաբախը ավելի ցավոտ դարձավ ու տարածվեց ողջ մարմնիս երկայնքով: Շատ հաճելի էր հետևել մարմնիդ անսպասելի շրջադարձներին, բայց աչքերս էլ չէին հերիքում, դա ավելին էր քան տեսանելին: Արդեն զգում եմ բույրդ: Ձեռքերդ արդեն անցել էին մարմնիս շառավղով, բայց կանգ առնելու համար ընտրել էին ամենատաք ու տենչացող տեղը` առնանդամը: Զգում էի տենչանքդ, դողացող շունչդ` մենք մեկն էինք: Ագահաբար բավարարում էի մեղավորիդ, իսկ դու ձեռքերս ամուր սեղմել էիր կրծքերիդ ու անգիտակից կծում էիր սեփական շուրթերդ: Հևոցներդ սպանում էին` ստիպելով ավելի ցավեցնել քեզ: Ես էլ, դու էլ անգիտակից էինք: Դու էլ, ես էլ ինչ-որ բանի էինք սպասում, բայց հենց նույն ժամանակ չէինք ցանկանում, որ այն շուտ այցելի: Սկսել էիր չբավարարվել միայն իմ գործողություններով` քո անմիջական մասնակցությամբ փորձում էիր թույլ տալ ավելի ներխուժել ու ցավեցնել: Ձեռքերս արդեն կոնքերիդ էին, իսկ շուրթերս` պարանոցիդ աջ հատվածում: Այնքան էի ուզում ամբողջությամբ զգալ ու ըմբոշխնել քեզ, որ սկսեցի արյանդ համը տենչալ: Ծծում էի պարանոցդ այնքան ուժեղ ու ներդաշնակ տիրող իրավիճակին, որ վերջապես զգացի քո ներքին համը, իսկ դու աչքերդ թռցրել էիր վերին կոպերիդ ամենածայրը, կարծես չէիր ուզում տեսնել ու զգալ լույսը: Ամեն ինչ չգիտակցված էր ու տանում էր դեպ այն, ինչը չէինք ցանկանում շուտ ստացվի` ցանկանում էինք ավելին զգալ ու ավելին վայելել: Մատս ատամներիդ ուժեղ սեղմվածքում է: Ցավ էի զգում, այնքան հաճելի ցավ, որ քեզ էլ էի ստիպում նույնը զգալ: Հանկարծ շնչիդ դողը տարածվեց ողջ մարմնով` դողում էիր ողջ ուժգնությամբ, գոռում էիր։ Աչքերդ լայն բացելով՝ փռվեցիր վրաս: Մարմնիդ ջերմությունն ու քրտինքիդ սառնությունը զգալուն պես` հասկացա, որ վերջ: Վե՛րջ, ես էլ չկայի՝ դու էլ․․․ «Ես» — ն ու «Դու» — ն՝ «Մենք» — ն էինք։ «Դու» — ն «Ես» էի, «Ես» — ը՝ «Դու»։ Մենք օդ էինք, աներևույթ, անծայրածիր անսահմանություն, անմարմին ոգի, չկայինք, բայց կայինք, թեկուզ վերացած, տարածված ու սպառված՝ կայինք։ Չէինք ուզում շարժվել՝ ցանկանում էինք երկար մնալ «Մենք» ։ Զգում էինք, որ զգում ենք։

Շատ հաճելի է, երբ թեկուզ մի քանի րոպեով սպանում ես միայնակ գոյությունդ ու ծնում երգոյության միասնական ու նոր գոյը։ Արդեն հանգիստ շնչում էինք՝ թուլացած, ալարկոտ ու երջանիկ։ Մարդու ամեն քայլ նախատեսված ու ծրագրված է վերջնական արդյունքը երջանկության հանգեցնելուն։

Գիշերն իրար էր խառնվել՝ զարմացած էր, երբեք նման բան չէր տեսել, չէր զգացել այս քանակությամբ էներգիա, չեր շնչել նմանատիպ հոտ, չէր լսել նման հոգոցներ։

Եվ, վերջապես, երջանիկ էր նա, որ մենք` միասին, նույն պահին ու նույն ագահությամբ հեշտանք ապրեցինք՝ ժայթքեցնելով մեր հրաբուխները…

Օրորվում էինք մտքում` առանց ինչ-որ բանի մասին մտածելու, մեկ մարմին դարձած՝ սավառնում էինք։

— Եվ ի՞նչ, ի՞նչ տվեց քեզ այս դրվագը հիշելը, հը՞ն։

— Ա՜հ, — ժպտալով պատասխանեցի, — նորից դո՞ւ։ Ինչ լավ է, որ կաս։

— Կբարեհաճե՞ս հարցիս պատասխան շնորհել։

— Ների՛ր, իհարկե։ Տվեց հիշողություն, գլոբալի մեջ մանրուքները հիշելու, նկատելու ու վերապրելու զգացում։ Այն արթնացրեց ինձ՝ ստիպեց զգալ։ Եթե զգում ես, ուրեմն կաս, եթե կաս, ուրեմն ապրում ես, եթե ապրում ես՝ պետք է վայելես, եթե վայելելով ես ապրում, ուրեմն մարդ ես, իսկ երբ մարդ ես՝ պարտավոր ես նկատել ու զգալ մանրուքները։

— Պարտավո՞ր ես, — խոսքս կրկնեց ձայնն ու շարունակեց, — միթե՞ մենք ինչ-որ բան ինչ-որ մեկին պարտավոր ենք։

— Ինչ-որ բան ինչ-որ մեկի՞ն՝ ո՛չ, պարտավոր չենք, — մի քանի վայրկյան ընդհատելով՝ շարունակեցի, — բայց պարտավոր ենք ինքներս մեզ։ Ինչ-որ բան ինքդ քեզ՝ այո՛, պարտավոր ես՝ պարտավոր ես զգալ։

Դ
Բ

Смотрите также

а б в г д е ё ж з и й к л м н о п р с т у ф х ц ч ш щ э ю я